«Հովհաննիսյան և գործընկերները» շարունակում են ապացուցել, որ փաստաբանությունը սոցիալապես պատասխանատու մասնագիտություն է։ Փաստաբանական ծառայություններ մատուցելուց բացի, մեզանից յուրաքանչուրը պարտավոր է իր ժամանակն ու գիտելիքները ներդնել ամենատարբեր խնդիրների առջև կանգնած մեր հայրենակիցներին օգնելու գործում` սերմանելով հավատ դեպի իրավական պետություն և նպաստելով դրա կայացմանը։

Այս պատմությունը սկսվեց սոցիալապես ծանր պայմաններում ապրող փոքրիկ մի տղայի՝ Սմբատ Հարությունյանի մասին պատմող անկախ լրագրող Արման Սուլեյմանյանի ռեպորտաժից։ Սմբատն ուներ առողջական ծանր խնդիր՝ գանգոսկրի վնասվածք, որը կարող էր վատ ավարտ ունենալ՝ վիրահատություն չստանալու դեպքում։ Տղայի ընտանիքը չուներ վիրահատության համար անհրաժեշտ գումար։ Շատ անգամներ դիմելով տարբեր ատյանների՝ մերժվել էին ամենատարբեր պատճառաբանություններով։ Ըստ «չինովնիկների»` տվյալ պլաստիկ վիրահատությունը դուրս էր պետպատվերի շրջանակներից։ Մնում էր միայն սպասել հրաշքի կամ պատրաստվել վատագույնին։
«Հովհաննիսյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Հայկ Հովհաննիսյանը դիտեց տեսանյութը սոց ցանցերից մեկում, ուղարկեց այն ընկերության մյուս փաստաբաններին, և կայացվեց կարիքի մեջ հայտնված տղային անհապաղ օգնելու միահամուռ որոշում։

Գործի անմիջական վարումը ստանձնեց գրասենյակի ավագ փաստաբան Գագիկ Գրիգորյանը։ Ուսումնասիրելով գործը և դրան վերաբերող ՀՀ օրենսդրությունը Գ. Գրիգորյանին հաջողվեց ի հայտ բերել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով նախատեսված, սակայն ոչ հստակ ձևակերպված` վճարովի բժշկական ծառայությունն անվճար ստանալու հնարավորությունը։

Ըստ նախարարի հրամանի` «հատուկ դեպքերում» նախարարը կարող է հանձնարարել անվճար բժշկական օգնության ցուցաբերում։ «Հատուկ դեպքերը» հստակեցված չէին, չափորոշիչներ սահմանված չէին։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ընձեռնված իրավական պաշտպանության միջոցից օգտվելով, փաստաբանը ՀՀ առողջապահության նախարարությանն ու ՀՀ վարչապետին ուղղեց մի շարք գրություններ` «հատուկ դեպքերը» բացահայտելու և սահմանելու նպատակով։ Գագիկ Գրիգորյանի համառ ու հետևողական աշխատանքի արդյունքում հարուցվեց վարչական վարույթ, որի ընթացքում էլ վերջինս հիմնավորեց «հատուկ դեպքը», այն է` Սմբատ Հարությունյանի դեպքում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքը։

Արդյունքում հաջողվեց պետության կողմից ստանալ սույն «հատուկ դեպքի» ֆինանսավորում՝ Սմբատի գանգոսկրի վիրահատության համար։

Պատմությունը, սակայն , այսքանով չավարտվեց։ Շուտով Սմբատին դադարում են վճարել հաշմանադամության համար օրենքով նախատեսված թոշակը, որով ընտանիքը կարողանում էր գնել երեխային անհրաժեշտ դեղորայքը: Այս անգամ՝ առանց պատճառաբանության։

Կրկին գործի անցնելով` փաստաբան Գագիկ Գրիգորյանը դիմեց վարչական դատարան և երկար պայքարից հետո թե՛ դատարանին և թե՛ սոցիալական ծառայությանն ապացուցեց Սմբատի հաշմադամության առկայությունը` հասնելով Սմբատի թոշակի վերականգնմանը։

Հուսով ենք, որ այս նախադեպը կօգնի հաշմանդամ մեր մյուս հայրենակիցներին պաշտպանելու իրենց իրավունքները թե՛ հասանելիք բժշկական օգնություն և թե՛ թոշակ ստանալու հարցում։

Նշենք, որ «Հովհաննիսյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը նշված ողջ աշխատանքը կատարել է ամբողջությամբ անվճար՝ գիտակցելով փաստաբանի մասնագիտության սոցիալապես պատասխանատու դերը և իր ներդրումն ունենալով իրավական պետության կայացման գործում։