Հեղինակ՝ Անահիտ Սարգսյան

Վերջին տարիներին դատական համակարգի համար մարտահրավեր է դարձել դատարանների գերծանրաբեռնվածությունը: Հոդվածում անդրադարձ է կատարվում 2016թ-ին ՀՀ դատարանները բեռնաթափելու ուղղությամբ ներդրված գորիծքներից մեկին` նոտարական մակագրության թերթի բովանդակությանը, դրա կիրառման առկա խնդրիներին և առաջարկվող լուծումներին:

Նման իրավակարգավորման ներդրումն իր օբյեկտիվ նախադրյալները ուներ. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական գործերի զգալի մաս են կազմում ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հայցերով գործերը, որոնք, որպես կանոն, շատ տիպային են, բայց ծանրաբեռնում են դատարանները:

Ճիշտ է, վճարման կարգադրությունների արձակման ինստիտուտը որոշակի չափով թեթևացրեց դատարաննների բեռը, բայց թվում էր թե նոտարական մակագրության թերթի ներդրումը այն մեխանիզմերից է, որը դատարաններին կազատեր անվիճելի պարտավորությունների և պարտքերի հավաքագրման գործերով դատարանները անհարկի ծանրաբեռնելուց:

Նոտարական մակագրության ինստիտուտի Էությունը այն է, որ նոտարի կողմից պայմանագրով վավերացված անվիճելի պարտավորություների բռնագանձման վարույթը իրականցվում է նոտարի կողմից կատարողական մակագրության թերթ արձակելով, որը պարտատիրոջ կողմից միանգամից կարող է ներկայացվել կատարման:

Այսպես, 2016 թվականին «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարվեցին, որով ներդրվեց նոտարական մակագրությունը:

Կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա` կատարողական մակագրության թերթ տրամադրելով:

Թվում էր, թե իրավակարգավորումը բավականին հստակ է և լայնորեն կիրառություն կստանա, սակայն անցած հինգ տարիների ընթացքում նոտարական մակագրության թերթը այդպես էլ չմտավ լայն կիրառության մեջ և դատարանների, պարտատերերի, ֆինանսական կազմակերպությունների ու բանկերի գործը թեթևացնող այս մեխանիզմը այդպես էլ նրանց կողմից չօգտագործվեց:

Անցած հինգ տարիների ընթացքում դուրս է գրվել ընդամենը մի քանի նոտարական մակագրության թերթ, որոնք էլ իրենց հերթին բախվել են խնդիրների դրանց կատարման փուլում:

Օրենքի 82.3-րդ հոդվածի համաձայն Կատարողական մակագրության թերթը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սակայն, նոտարական մակագրության մեխանիզմի ներդրումից հետո Դատական ակտերի հարկադիր կատարման օրենքում կիրառման համար օրենսդրական փոփոխություններ չկատարվեցին, ինչը հանգեցրեց նրան, որ այն կյանքի չկոչվեց և մնաց թղթի վրա:

Ոլորտի ներկայացուցիչների հետ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմակերպված հանրային քննարկման ընթացքում մի շարք խնդիրներ վեր հանվեցին:

Խնդիրներից մեկը այն է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման օրենքը պարտատեր եզրույթի փոխարեն կիրառում է պահանջատեր եզրույթը, որը ըստ ոլորտի ներկայացուցիչների մի շարք խնդիրների է հանգեցնում կատարման փուլում:

Այսպես, Դատական ակտերի հարկադիր կատարման օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է կատարողական թերթի բովանդակության պահանջները, որտեղ ի թիվս այլնի մատնանշված է, որ այն պետք է պարունակի կողմերի պարտապանի և պահանջատիրոջ նույնականացման տվյալները:

Ստացվում է, որ նոտարական մակագրության թերթում պահանջատեր եզրույթի փոխարեն նշվում է պարտատեր եզրույթը, ինչը հիմք է տալիս հարկադիր կատարողին 31-րդ հոդվածի հիման վրա կատարողական թերթը վերադարձնելու համար: Այս կարգավորման վերաբերյալ այդպես կիրառման պրակտիկա չձևավորվեց:

Հաջորդը խնդիրը այն է, որ եթե պայմանագրով կան մի քանի պարտապաններ, արդյոք սա նշանակում է, որ պետք է դուրս գրվեն մի քանի կատարողական մակագրության թերթեր:

Խնդիրներից մյուսը վերաբերվում է նրան, որ ֆինանսական լրացուցիչ բեռ է բանկերի և ֆինանսական կազմակերպությունների համար բոլոր պայմանագրերի` այդ թվում սպառողական վարկերի նոտարական վավերացումը, որը ըստ ոլորտի ներկայացուցիչների կդանդաղեցնի նրանց գործունեությունը:

Կարծում ենք այս խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմը կլինի էլեկտրոնային հարթակի ներդրումը, որով նոտարի կողմից կվավերացվեն ֆինանանսական կազմակերպությունների և բանկերի տիպային պայմանագրերը, այնուհետև անհրաժեշտության դեպքում հարթակի միջոցով դուրս կգրվի նոտարական մակագրության թերթ, որը կուղարկվի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` չդնելով Պարտատիրոջ վրա անհարկի բեռ կատարողական թերթը կատարման ներկայացնելու:

Հաջորդ առաջարկն է հաշվի առնելով բանկային ոլորտի զարգացման առաջատար մակարդակն ու Կենտրոնական բանկի կողմից կարգավորման ենթարկվելու փաստը, կարելի է օրենսդրորեն բանկերին օժտել իրենց իսկ կողմից իրենց մասնակցությամբ կնքվող գործարքների նոտարական վավերացման լիազորությամբ կամ այդպիսի պայմանագրերի կնքման դեպքում չպահանջել լրացուցիչ նոտարական վավերացում։

ՀՀ արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս մեխանիզմը գործարկելու ուղղությամբ, սակայն հատկանշական է, որ եթե չվերացվեն հարկադիր կատարման փուլում առկա խնդիրները, նոտարների կողմից «չգովազդվի» այս մեխանիզմը, նոտարական մակագրության թերթը այդպես էլ լայն կիրառություն չի ստանա:

Կարծում եմ, ֆինանսական կազմակերպությունները ու բանկերը դատական քաշքշուկներից խուսափելու նպատակով կգնան լրացուցիչ ծախս կատարելու և պայմանագրերը նոտարական վավերացմամբ կնքելու ողղությամբ, եթե հստակ երաշխիքներ ունենան, որ կատարողական մակագրության թերթի կատարման փուլում արհեստական արգելքների չեն բախվի:

«ՀԱՊ» փաստաբանական ընկերությունը ևս մշակում է այս պրակտիկայի ներդրմանն ու դատարանների բեռնաթափմանն ուղղված գործուն քայլեր։