Հեղինակ՝ Տաճատ Ոսկանյան 14/04/2021/

Սահմանադրական դատարանը հաստատել է, որ միջանկյալ դատական ակտերի բողոքարկումը վճռաբեկության կարգով պետք է լինի բացառություն, սակայն դա չի վերաբերում նոր հանգամանքով բողոքարկմանը: Նոր հանգամանքով միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան:

Սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ օրենքով թույլատրվելու դեպքում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վիճարկումը վճռաբեկ ատյանում պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն՝ այնպես, ինչպես վերաքննիչ ատյանում չեն կարող վիճարկվել առաջին ատյանի դատարանի բոլոր միջանկյալ դատական ակտերը։

Սահմանադրական դատարանը այս հարցի քննության արդյունքում հանգել է հետևյալին։ Օրենքով սահմանելով հնարավորություն առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկել՝ ինքնին հանդիսանում է բողոքարկման ինստիտուտի իրացման արդյունավետ կառուցակարգ, անկախ այն հանգամանքից, որ վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը չի կարող բողոքարկվել։ Ավելին, նման պարագայում աննպատակահարմար կլիներ նախատեսել բոլոր տեսակի միջանկյալ դատական ակտերը վճռաբեկության կարգով բողոքարկելու հնարավորություն, քանի որ այդպիսով անհարկի կծանրաբեռնվեր Վճռաբեկ դատարանը և կխոչընդոտվեր բուն արդարադատության իրականացումը։

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը նշում է, ու վերոնշյալը ամենևին չի վերաբերում դատական ակտը նոր հանգմանքներով վերանայելու համար վճռաբեկ բողոք ներկայացնելուն։

Սահմանադրական դատարանը, ընդունելով, որ հնարավոր են դեպքեր, երբ նախատեսված չէ վերաքննիչ դատարանի որոշ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն վճռաբեկության կարգով, միաժամանակ ընդգծում է, որ բողոքարկման այդ սահմանափակումը չի կարող վերաբերել այն դեպքերին, երբ վճռաբեկ բողոքը ներկայացվում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությամբ պայմանավորված՝ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման նպատակով։ Անձը պետք է ունենա վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, նաև այլ հիմքերով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու բողոք ներկայացնելու հնարավորություն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը վերանայելու համար՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությամբ։

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտել է, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով

բացառում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով, ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր։